«ՍՊՈՐՏԷՔՍՊՈ-2009» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերին Մինսկում

05.06.2009, 16:53
«ՍՊՈՐՏԷՔՍՊՈ-2009» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերին Մինսկում

«ՍՊՈՐՏԷՔՍՊՈ-2009» վեցերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի վարչության «ԲելԷքսպո» ազգային ցուցահանդեսային կենտրոնը, Սպորտի և զբոսաշրջության նախարարությունը և Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն, կանցկացվի Մինսկում սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում։

«Բելառուսի Հանրապետության բնակչության առողջ ապրելակերպի ձևավորման պետական ծրագրի համաձայն, անցկացվող միջոցառման նպատակը հայրենական և արտասահմանյան մարզական արդյունաբերության նոր բարձրարդյունավետ մշակումներին և նվաճումներին ծանոթանալն է, ինչպես նաև մարզական ծառայությունների և ապրանքների ներկայացումը»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Բելառուսի դեսպանատնից։

Ցուցահանդեսի ընթացքում ծրագրվում է անցկացնել դասընթացներ, «կլոր սեղաններ», բիզնես-հանդիպումներ, մարզիկների ցուցադրական ելույթներ։

Ցուցահանդեսին մասնակցելու են հրավիրված մարզական կազմակերպություններ, մարզական սարքավորումների, գույքի, հագուստի և կոշիկի արտադրողներ, սպորտի մասին գրականության հրատարակություններ, այլ շահագրգիռ կազմակերպություններ։ 

Ցուցահանդեսին մասնակցելու պայմանների մասին սպառիչ տեղեկատվություն կարելի է ստանալ միջոցառման կազմակերպիչ «ԲելԷքսպո» Ազգային ցուցահանդեսային կենտրոնից։ -0-