Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը յոթ փուլերից հետո 4,5 միավորով շարունակում է միանձնյա առաջատարը մնալ Նալչիկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Յոթերորդ փուլում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի շախմատիստ Էթյեն Բակրոյի հետ։
Մեկ այլ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, անհաջող մեկնարկից հետո, շարունակում է առաջ գնալ մրցաշարային աղյուսակում։ Յոթերորդ փուլում ոչ-ոքի խաղալով Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ՝ Հակոբյանը 3,5 միավորով կիսում է 7-10-րդ տեղը Ռուստամ Կասիմջանովի (Ուզբեկստան), Շահրիար Մամեդյարովի (Ադրբեջան) և Էթյեն Բակրոյի հետ։
Յոթերորդ փուլում միայն երկու հանդիպումներում է հաղթանակ գրանցվել՝ Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Գատա Կամսկուն (ԱՄՆ), իսկ Պավել Էլյանովը (Ուկրաինա) սև խաղաքարերով հաղթանակ է տարել Բորիս Գելֆանդի (Իսրայել) նկատմամբ։
Մյուս հանդիպումները՝ Սվիդլեր-Կասիմջանով, Իվանչուկ-Լեկո և Ալեքսեև-Մամեդյարով, ավարտվել են ոչ-ոքի։
Յոթերորդ փուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ 1-ին տեղում է Արոնյանը՝ 4,5 միավորով, 2-6 տեղերում են Կարյակինը, Ալեքսեևը, Լեկոն, Սվիդլերը և Գրիշչուկը՝ 4-ական միավորով, 7-10-րդ տեղերում են Հակոբյանը, Կասիմջանովը, Մամեդյարովը, Բակրոն՝ 3,5-ական միավորով, 11-12-րդ տեղերում են՝ Կամսկին և Էլյանովը՝ 3-ական միավորով, 13-րդ տեղում է 2,5 միավոր վաստակած Գելֆանդը և 14-րդ տեղում է 2 միավոր վաստակած Իվանչուկը։
Հաջորդ փուլում Արոնյանն ուժերի կչափի Պյոտր Սվիդլերի, Հակոբյանը՝ Եվգենի Ալեքսեևի հետ։ Ութերորդ փուլի այլ հանդիպումներում ուժերը կչափեն Կարյակին-Գրիշչուկ, Լեկո-Բակրո, Կասիմջանով-Գելֆանդ, Կամսկի-Էլյանով և Մամեդյարով-Իվանչուկ զույգերը։-0-