Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի հինգերորդ փուլից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկի հետ շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը։
Հինգերորդ փուլում Գրիշչուկը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, իսկ Արոնյանը սևերով կրկին ոչ-ոքի է խաղացել չինացի շախմատիստ Վան Յուեի հետ։
Ոչ-ոքի են ավարտվել նաև Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) և Լենյեր Դոմինգես (Կուբա) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) հանդիպումները։
Հինգերորդ փուլից հետո Արոնյանն ու Գրիշչուկն ունեն 3,5-ական միավոր, Անանդը՝ 3 միավոր, Կառլսենն ու Իվանչուկը՝ 2,5-ական միավոր, Դոմինգեսը՝ 2, Ռաջաբովն ու Վան Յուեն՝ 1,5-ական միավոր։
Չորեքշաբթի մրցաշարի առաջատարներ Արոնյանն ու Գրիշչուկը կմրցեն միմյանց հետ։ 314 հազար եվրո մրցանակային ֆոնդով Լինարեսի շախմատի գերմրցաշարը կավարտվի մարտի 7-ին։-0-