Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Տարվա բռնցքամարտիկ, ասվում է allboxing.ru կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
««BoxSport» գերմանական ամսագրի ընթերցողները, ինչպես նաև հատուկ ժյուրին, որի կազմում են բռնցքամարտի ոլորտում ճանաչված մասնագետներ, կրկին 28-ամյա հայ բռնցքամարտիկին են շնորհել առաջին տեղը՝ թույլ տալով նրան առաջ անցնել Գերմանիայում բավականին ճանաչված գերծանր քաշային կարգ ունեցող Վիտալի և Վլադիմիր Կլիչկոներին», - նշվում է տեղեկատվության մեջ։
«Սա շատ մեծ պատիվ է ինձ համար, - ասել է Աբրահամը, - ես շատ ուրախ եմ մասնագետների և բռնցքամարտի երկրպագուների նման որոշման համար։ Մենք շատ համառորեն աշխատում էինք հաջողության հասնելու համար, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին և ողջ թիմին աջակցության համար։ Առանց նրանց օգնության ես ոչնչի չէի հասնի»։
2008 թ.-ի մարտին Աբրահամը պաշտպանեց իր տիտղոսը՝ 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Էլվին Այալային, իսկ հունիսին Աբրահամը հաջողությամբ առաջին անգամ հանդես եկավ ԱՄՆ-ում՝ վերջակետ դնելով Էդիսոն Միրանդայի հետ հակադրությանը, իսկ նոյեմբերին նա ևս մեկ անգամ պաշտպանեց իր տիտղոսը պարտադիր հավակնորդ Ռաուլ Մարկեսի հետ մենամարտում։
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները Տարվա մարզիչ է ճանաչվել Գերմանիայում, ընդ որում այդ կոչումը 66-ամյա մասնագետը ստանում է վեցերորդ անգամ անընդմեջ՝ այս տարի կիսելով այն Ֆրից Զդունեկի հետ։-0-