Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ փուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով կիսում է 1-6-րդ տեղերը Ռուսաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Անգլիայի թիմերի հետ, հաղորդում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
«Հինգերորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5։1,5 միավորով պարտության է մատնել Նիդեռլանդների թիմին», - ասվում է տեղեկատվության մեջ։
Հայաստանի կանանց հավաքականի հաշվին կա 8 միավոր, և այն կիսում է 3-13-րդ տեղերը Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Ուկրաինայի, Լեհաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ավստրիայի թիմերի հետ։
Հինգերորդ փուլում Հայաստանի շախմատիստուհիները 2,5։1,5 միավորով հաղթանակ են տարել ֆրանսիացիների նկատմամբ։
Վեցերորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի, կանանց հավաքականը՝ Ուկրաինայի թիմի հետ։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է 2008 թ.-ի նոյեմբերի 12-ից 25-ը Դրեզդենում (Գերմանիա)։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը գործող օլիմպիական չեմպիոնն է։ Տղամարդկանց հավաքականի կազմում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը։
Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանն ու Սիրանուշ Անդրեասյանը։
Օլիմպիադայի հանդիպման օրերն են նոյեմբերի 13-17-ը, 19-23-ը և 25-ը, հանգստյան օրերն են նոյեմբերի 18-ը և 24-ը։ Տղամարդկանց և կանանց մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 փուլով։ Տղամարդկանց մրցաշարում ներկայացված է 156 թիմ, կանանց մրցաշարում՝ 119-ը։-0-