ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանում է իսպանական Բիլբաո քաղաքում շաբաթ ավարտվող «Մեծ Սաղավարտ» մրցաշարում հաղթելու հնարավորությունը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայից, եզրափակիչ խաղից առաջ Արոնյանը 13 միավոր է հավաքել՝ մեկ միավորով զիջելով բուլղարացի Վեսելին Տոպալովին։
Մրցաշարում հաղթելու հնարավորություն, որում հաղթելու դեպքում գումարվում է 3 միավոր, ունեն նաև նորվեգացի Մագնուս Կարլսենը և ուկրաինացի Վասիլի Իվանչուկը. նրանք 12-ական միավոր ունեն։
Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Վիշվանաթան Անանդն (Հնդկաստան) ու Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), որոնց ակտիվում 7-ական միավոր կա։
Արոյանի մրցակիցը եզրափակիչ 10-րդ փուլում Ռաջաբովը կլինի, Տոպալովը կմրցի Իվանչուկի, իսկ Կարլսենը՝ Անանդի հետ։
«Մեծ սաղավարտի» (Grand Slam Tournament) եզրափակիչ փուլը ՖԻԴԵ-ի 22-րդ դասակարգումն ունի, անցկացվում է սեպտեմբերի 2-13-ը՝ երկու շրջանով։ Խաղարկային օրերը սեպտեմբերի 2-6, 8-10, 12 և 13-ն են, ժամանակի վերահսկումը 90 րոպե 40 քայլի համար և 60 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ առանց հավելյալ ժամանակի։
Ի տարբերություն սովորական շախմատային փորձի, Բիլբաոյում, ինչպես և ֆուտբոլում, մարտում հաղթելու դեպքում գումարվում է 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր։
6 շախմատիստի մասնակցությամբ այս մրցաշարի մրցանակային ֆոնդը 400 հազար եվրո է կազմում, որից 150 հազարը կստանա հաղթողը։
«Մեծ սաղավարտի» շարքում ընդգրկված են շախմատային 4 խոշոր մրցաշար՝ Վեյք-ան-Զեեն, Մորելիա-Լինարեսը, Սոֆիան և Բիլբաոն։ --0--