Վախթանգ Դարչինյանի և Քրիստիան Միխարեսի միջև մենամարտը կարող է կայանալ 2009 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. WBC և WBA առաջին գերթեթև քաշային կարգում չեմպիոն Քրիստիան Միխարեսի և IBF վարկածով նույն քաշային կարգում չեմպիոնական գոտեկիր Վախթանգ Դարչինյանի միջև միավորող մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա մյուս տարի, հայտնեց Լու Դիբելլան՝ Միխարեսի համաներկայացուցիչը։
Ինչպես հաղորդում է allboxing.ru ինտերնետային կայքը, ավելի վաղ Միխարեսի ներկայացուցիչներն արդեն հայտնել էին այն մասին, որ Դարչինյանը պայմանագիր է ստորագրել, և մարտը ծրագրված է այս տարվա նոյեմբերին, սակայն այժմ Դիբելլան կասկածի տակ է դրել միավորիչ մարտն այս տարի անցկացնելու հնարավորությունը։
Դիբելլայի խոսքերով, տվյալ պահին НВО և Showtime հիմնական հեռուստաալիքները բռնցքամարտի մենամարտերը հեռարձակելու համար ազատ ամսաթվերի, ինչպես նաև բյուջեի մեծ պակասորդ ունեն, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում Միխարես-Դարչինյան մենամարտը տարեվերջին կազմակերպելու համար։
«Հնարավոր է՝ մարտը կայանա 2009 թ.-ի սկզբին։ Դժվարությունն այն է, որ հեռուստաընկերություններից երկուսն էլ ազատ ամսաթվեր չունեն»,- ասաց Դիբելլան։
Նա առաջարկեց, որ երկու չեմպիոներն էլ դեմառդեմ հանդիպումից առաջ մեկական հանդիպում անցկացնեն կամ սպասեն միավորող մենամարտին։ Ես կհանդիպեմ Գերի Շոուի՝ Դարչինյանի փրոմոութերի հետ, և մենք կքննարկենք ստեղծված իրավիճակը»,- ավելացրեց Դիբելլան։
Վիկ (Վախթանգ) Դարչինյանը ծնունդով Հայաստանից է, 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում Ավստրալիայի դրոշի տակ։ Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ)։ Արժանացել է «Կատաղի ցուլ» անվանը։
Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անց է կացրել 32 մենամարտ և հաղթել 30-ում, որոնցից 24-ը՝ նոկաուտով։
27-ամյա մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հաշվին պրոֆեսիոնալ ռինգում 41 մարտ կա, որոնցից 36-ում նա հաղթանակ է տարել (15-ը նոկաուտով)։ -0-