Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը հոկտեմբերի 4-ին կպաշտպանի իր տիտղոսը մեքսիկացի Ռաուլ Մարկեսի հետ մենամարտում, հաղորդում է allboxing.ru կայքը։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) շտաբ-բնակարանում նախօրեին պետք է կայանար այդ մենամարտի կազմակերպման իրավունքի մրցույթը, սակայն այն չեղյալ համարվեց, քանի որ երկու բռնցքամարտիկների փրոմոութերները տեղեկացրեցին ֆեդերացիային այն մասին, որ նրանք համաձայնության են եկել մենամարտը հոկտեմբերի 4-ին Գերմանիայում անցկացնելու մասին։
Այս տարվա հունիսի 21-ին ԱՄՆ-ում կայացած բռնցքամարտի շոուի ժամանակ երկու ապագա մրցակիցները վառ հաղթանակներ ունեցան։ Աբրահամը չորրորդ փուլում նոկաուտի էր ենթարկել կոլումբիացի Էդիսոն Միրանդային, իսկ Մարկեսը առաջին անգամ պարտության էր մատնել մեծ հեռանկարներ ունեցող 27-ամյա դոմինիկացի Ջովանո Լորենցոյին և նվաճել չեմպիոնի հետ մենամարտելու իրավունք։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Երևանում 1980թ.-ին, այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում։ Աբրահամյանը նվաճել է 72,6 կգ քաշային կարգում IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը 2005 թ.-ին։
2008 թ.-ի հունիսին Աբրահամը տեխնիկական նոկաուտով չեմպիոնի տիտղոսը պաշտպանեց կոլումբիացի Էդիսոն Միրանդի հետ մենամարտում։ Աբրահամն ունի 27 հաղթանակ 27 մենամարտերում (22-ը նոկաուտով)։
36-ամյա Ռաուլ Մարկեսն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անց է կացրել 46 մենամարտ, որոնցից 41-ն ավարտել է հաղթանակով (29-ը նոկաուտով)։ Նա ծնվել է Մեքսիկայում, այժմ բնակվում է Տեխասում (ԱՄՆ)։-0-