Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Մորելիա-Լինարես-2008» գերմրցախաղի չորրորդ փուլից հետո Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ ընդգրկվել է առաջատարների եռյակում։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի- Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայից, նախօրեին չորրորդ փուլում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին։
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- Պյոտր Լեկո (Հունգարիա), Անանդ- Թեյմուր Ռաջաբով պարտիան ավարտվել է ոչ ոքի, իսկ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) հաղթել է Տոպալովին։
Այսպիսով, երեք խաղային օրերի ընթացքում Արոնյանի, Աննադի և Տոպալովի հաշվին գրանցվել է 2,5 միավոր, նրանցից կես միավորով հետ են մնում Շիրովը և Լեկովը, իսկ 6-8-րդ տեղերը երկու միավորով բաժանում են Կարլսենը, Ռայաբովը և Իվանչուկը։
Հինգերորդ փուլի զույգերն են՝ Արոնյան-Շիրով, Տոպալով-Կարլսեն, Լեկո-Անանդ, Ռաջաբով-Իվանչուկ։
21-րդ կարգի «Մորելիա Լինարես-2008» ավանդական մրցախաղի առաջին շրջանն անցնում է Մորելիայում (Մեքսիկա) փետրվարի 15-ից մինչև 23-ը, երկրորդ շրջանը կանցկացվի Լինարեսում(Իսպանիա) փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը։
Այս մրցախաղն անցկացվում է 1978 թվականից և նախկինում խաղացվել է միայն իսպանական Լինարեսում։ 2006 թվականից առաջին գերմրցախաղն անցկացվում է մեքսիկական Մորելիայում, որտեղից գրոսմայստերները հետո մեկնում են Իսպանիա։--0-