ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ կստանան Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ - Federation Internationale de Basketball - FIBA ) 1000 գնդակներ։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, վաղվանից ֆեդերացիան կսկսի գնդակներ հատկացնել այն դպրոցներին, որոնք բասկետբոլի դահլիճներ ունեն։
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, ինչպես և ՖԻԲԱ-ն մեծ կարևորություն են տալիս մարզումները բարձրորակ գնդակներով կազմակերպելու գործընթացին, քանի որ առանց այս ամենի մարզաձևի զարգացումը անհրաժեշտ արագությամբ ապահովել հնարավոր չէ: Եվ ՖԻԲԱ-ի հատկացրած 1000 բարձրորակ գնդակները թույլ կտան հայ բասկետբոլիստներին լիարժեք մարզումներ անցկացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան հույս ունի, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն բասկետբոլ մարզաձևին, ինչը հնարավորություն կտա ի հայտ բերել շնորհալի պատանիների և ընդգրկել նրանց մեր առաջատար թիմերում, պատանեկան հավաքականներում:
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ - Federation Internationale de Basketball - FIBA ) հիմնադրվել է 1932թ. Հռոմում։ Հիմնադիր-երկրներն են՝ Արգենտինան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեյցարիան, Չեխոսլովակիան։
ՖԻԲԱ-ն միավորում է բոլոր հինգ մայրցամաքների 213 ազգային ֆեդերացիաներին։
ՖԻԲԱ-ի կանոնադրությունը ընդունվել է 1932թ. Հռոմում, դրանում փոփոխություններ են կատարվում 4 տարին մեկ։ ՖԻԲԱՆ-ն անցկացնում է կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններ, մայրցամաքային և շրջանային առաջնություններ, միջազգային մրցումներ, ՖԻԲԱ-ի կողմից հաստատված և պաշտոնապես ընդունված, ՖԻԲԱ-ի գավաթի պաշտոնական խաղարկումներ։ ՖԻԲԱ-ի շտաբ-բնակարանը գնտվում է Ժնևում (Շվեյցարիա)։ ՖԻԲԱ-ի նախագահն է Կարլ Մեն Կու Չինգը (Carl Men Ky Ching)։ --0—