Սկանդալ՝ հայ դահուկորդի մասնակցությամբ․ մարզիկը փակել է «Ադրբեջան» բառը մարզահագուստի վրա և տուգանվել
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը անդրադարձել է հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի մասնակցությամբ միջադեպին, որի ժամանակ մարզիկը իտալական Tour de Ski մրցաշարի ժամանակ կպչուն ժապավենով փակել է մարզահագուստի վրա գրված «Ադրբեջան» բառը և տուգանվել այդ արարքի համար։
Նախարարը նշել է, որ սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևել արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին։
«Մեր երկիրն էլ նախաձեռնել է մի քանի կարևոր կոնվենցիաների վավերացում միջազգային այս ուղղությամբ, և կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոններն առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից», - ասաց Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց, որ նախարարությունը գրավոր հարցում է ուղարկել ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը։
«Պարզաբանումը ստանալու պես հնարավոր կլինի հասկանալ, թե նախ և առաջ ինչ տուգանքի մասին է խոսքը, ինչ չափի, և արդյոք կարող է որակազրկման հարց քննարկվել, թե ոչ, և արդեն այդ պատասխանից կախված՝ կորոշենք գործողությունները», – ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Միքայել Միքայելյանը «Ազատության» հետ զրույցում պատմել է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ է ստացել հանդերձանքը և տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։
Միքայել Միքայելյանը նշել է, որ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին մի բան է խնդրում՝ աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ Միքայելյանը հետագայում այս արարքը կրկնելու դեպքում ավելի շատ կարող է տուգանվել, բայց չի որակազրկվի։
Ֆեդերացիան ողջունել է մարզիկի որոշումը և պատրաստ է վճարել տուգանքը։ Սարգսյանը նաև նշել է, որ տուգանքի չափն իմանալուն պես անմիջապես կտեղեկացնի բոլորին։

