Ռոնալդուն գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը․ որքա՞ն է վաստակում ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ անընդմեջ և հինգերորդ անգամ իր կարիերայում գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը։ 40-ամյա հարձակվողի եկամուտը կազմել է 275 միլիոն դոլար, գրում է ՌԲԿ–ն։
Ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկներն անցյալ տարի միասին վաստակել են 1.4 միլիարդ դոլար։ Երկրորդ տարին անընդմեջ 10-յակի բոլոր մարզիկները վաստակել են ավելի քան 100 միլիոն դոլար։
Վարկանիշային աղյուսակում երկրորդը NBA-ի «Գոլդեն Սթեյթ» ակումբի խաղացող Սթեֆեն Քարին է (156 միլիոն դոլար), ով գերազանցել է Լեբրոն Ջեյմսի ռեկորդը բասկետբոլիստների շրջանում եկամտի մասով։
Երրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (146 միլիոն դոլար), որը վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին և հերթական անգամ ավարտել կարիերան։
Ուսիկը և գոլֆ խաղացող Ջոն Ռամը նույնպես հասել են 100 միլիոն դոլարի եկամտի նշագծին, բայց նրանք չեն ներառվել վարկանիշում։
Forbes-ի հաշվարկներով,1990 թվականից ի վեր՝ միայն ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն է իր մարզական կարիերայի ընթացքում ավելի շատ վաստակել, քան Ռոնալդուն (300մլն դոլար՝ 2015թ․–ին և 285մլն դոլար՝ 2018թ․–ին)։