Պատմական արդյունք. հայ բռնցքամարտիկները Դուբայում կայացած IBA աշխարհի առաջնությունում նվաճել են 5 մեդալ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Դուբայից վերադարձել է Երևան։
«Մեր ընտրանին հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով` առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը։ 108 երկրի հավաքականների պայքարում մեր ընտրանին 8-րդ է»,-նշվում է Բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

