Մխիթարյանը չգիտի` կխաղա «Գաբալայի» հետ, թե ոչ, բայց պատրաստվում է խաղի
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը չգիտի, թե կխաղա, արդյոք, «Գաբալայի» հետ Բաքվում Եվրոպայի լիգայի խմբային ռաունդում:
«Չգիտեմ: Անձնագիրն ինձ մոտ չէ: Ավելի լավ է` հարցրեք թիմի ղեկավարին: Ես պատրաստվում եմ խաղին»,- ասել է Մխիթարյանը sport-express.ru-ին տված հարցազրույցում:
Դորտմունդի «Բորուսիայի» և «Գաբալայի» հանդիպումը կանցկացվի հիկնգշաբթի Բաքվում:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում հասկացրել էր, թե չի խոչընդոտի Մխիթարյանի ժամանմանն Ադրբեջանի մայրաքաղաք, իսկ դրանից առաջ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիաների միությունը կօժանդակի հայ ֆուտբոլիստին, եթե նա խնդիրներ ունենա Եվրոպայի լիգայի խաղին մեկնելու հարցում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Բաքուն Մխիթարյանին ընդգրկել է «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:
Սակայն երկուշաբթի գերմանական ԶԼՄ-ները մեջբերել են «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Իոահիմ Վատցկեի խոսքն այն մասին, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել խմբային ռաունդի խաղը, քանի որ նրա անվտանգության հետ կապված խնդիրներ կան:
«Գաբալա»-ն, «Բորուսիան», հունական ՊԱՕԿ-ը և Ռուսաստանի «Կրասնոդարը» հակառակորդներ են Եվրոպայի լիգայի խմբում:
-0-