ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում ներկայացրեց նոր տարր, որը կկոչվի իր անունով:
Տարբեր բարձրության զուգափայտերի վրա վարժության սկզբում Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվեց մյուսից:
Չնայած դիտարժան ելույթին` Գեբեշյանը, բազմամարտում հավաքելով 53.748 միավոր, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Ավելի վաղ 27-ամյա Գեբեշյանը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերից հետո մտադիր է լքել մեծ սպորտը:
«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի: Ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր նրա հետ, որ
Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են։ Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ ասել է Գեբեշյանը։ –0–