Լևոն Արոնյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում. FIDE–ի գլխավոր տնօրեն

12.12.2025, 17:28
FIDE–ի գլխավոր տնօրենը նշել է, որ ողջ շախմատային աշխարհն ավելի վառ է դառնում, երբ Արոնյանը խաղում է իր դիվային ուժով
Լևոն Արոնյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում. FIDE–ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Լևոն Արոնյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, Facebook-ում գրել է ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին։

«Եվ թող նրա գլխավոր հաջողությունները բաժին ընկան Freestyle և Grand Chess Tour մրցաշարերին, այնուամենայնիվ, դա չի նսեմացնում այն փաստը, որ համաշխարհային դասակարգման բազմամյա թիվ 2-ը նորից փայլում է՝ 43 տարեկանում հաղթելով երիտասարդ մրցակիցներին, ինչպես նաև հենց Մագնուսին»,- նշել է Սուտովսկին։

Նա հիշեցրել է, որ Լևոնի առաջին իսկապես մեծ հաջողությունը տեղի է ունեցել ուղիղ 20 տարի առաջ, երբ «Խանտի-Մանսիյսկի ցուրտ դեկտեմբերին նա իր անունը գրեց պատմության մեջ որպես Աշխարհի գավաթի հաղթող»։

«Այս քսան տարիները շատ բան են ներառել. փայլուն արդյունքները, գեղեցկագույն պարտիաները, նուրբ դեբյուտային մտահղացումները և բարդագույն դիրքերում էկվիլիբրիստիկան հաջորդել են պարբերական անհաջողություններով պաշտոնական ցիկլում, ինչպես նաև ձախողումներով Թեկնածուների մրցաշարերում, չնայած այն հանգամանքին, որ Լևոնն ամեն անգամ մեկնարկում էր որպես ֆավորիտ։ Ինչ-որ պահի նա կորցրեց մոտիվացիան, աշխարհի երկրորդ տեղից ցած ընկավ... Բայց ահա՝ նոր վերելք»,- նշել է Սուտովսկին։

ՖԻԴԵ-ի փոխնախագահը Լևոնին մաղթել է, որ այս վերելքը «երկարատև դառնա»։

«Եվ ոչ միայն Լևոնին. ողջ շախմատային աշխարհն ավելի վառ է դառնում, երբ Արոնյանը խաղում է իր դիվային ուժով, դա շատ բանով հիշեցնում է Իվանչուկի սխրանքները։ Իսկ դա նշանակում է, որ մեզ հնարավորություն կտրվի ևս առնվազն տասը տարի վայելել «Լյովիկ» անունով աստղի վառ փայլը»,- ամփոփել է Սուտովսկին։