Կրիշտիանու Ռոնալդուն կատարել է «Լիվերպուլի» աստղին տված խոստումը

16.10.2025, 15:03
Դեռևս 2009թ․–ին՝ ընդամենը ութ տարեկան հասակում, «Լիվերպուլի» ապագա աստղը Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների միջև կայացած խաղից առաջ կանգնած էր Ռոնալդուի կողքին՝ որպես մասկոտ
Կրիշտիանու Ռոնալդուն կատարել է «Լիվերպուլի» աստղին տված խոստումը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատարել է «Լիվերպուլի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային տված խոստումը, գրում է armsport–ը։ 

Դեռևս 2009 թվականին՝ ընդամենը ութ տարեկան հասակում, պատանի Սոբոսլայը Պորտուգալիայի և Հունգարիայի հավաքականների միջև կայացած խաղից առաջ կանգնած էր Ռոնալդուի կողքին՝ որպես մասկոտ։

2025 թվականի սեպտեմբերին երկուսն էլ իրենց հավաքականներին դուրս բերեցին դաշտ՝ ավագի թևկապներով՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի հանդիպմանը։ Նրանց առաջին հանդիպումը խաղադաշտում ընթացիկ ընտրական փուլում այնպես չդասավորվեց, ինչպես հույս ուներ Սոբոսլայը։ Պորտուգալիան հաղթեց 3:2 հաշվով, իսկ Ռոնալդուի մարզաշապիկը ձեռք բերելու փորձը ձախողվեց. Կրիշտիանուն այդ պահին արդեն այն տվել էր մեկ այլ ֆուտբոլիստի։ Այն ժամանակ Ռոնալդուն խոստացավ ուղղել սխալը հաջորդ անգամ, և հոկտեմբերի 14-ին նա կատարեց իր խոստումը։

ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 2:2 հաշվով ավարտված ոչ-ոքիից հետո Ռոնալդուն գտավ Սոբոսլային և հանձնեց նրան իր մարզաշապիկը։ Հետխաղային հարցազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ստացել է Ռոնալդուի մարզաշապիկը, Սոբոսլային ժպտաց և ասաց. «Այո՛, ստացել եմ»։