ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 9–ին Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում»։
Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 15:00-ին: -0-