ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկ Սերգեյ Վարդազարյանի հաղթանակը թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ ոչ միայն մարզական նվաճում էր, այլ նաև պատվի հարց, հատկապես` Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետո, երկուշաբթի լրագրողներին ասաց Վարդազարյանի անհատական մարզիչ Արսեն Ավետիսյանը:
22-ամյա Վարդազարյանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության 68 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր:
«Սերգեյը պարտվելու իրավունք չուներ: Դահլիճում բոլորը համոզված էին, որ կհաղթի ադրբեջանցի մարզիկը, ադրբեջանական մամուլը սպասում էր, թե երբ է մեր մարզիկը պարտվելու, սակայն Սերգեյն իր մեջ հաղթանակի ուժ գտավ», - ասաց Ավետիսյանը, ավելացնելով, որ սա իր սանի առաջին լուրջ հաղթանակն է նման կարգի մրցաշարում:
Նա ցավով նշեց, որ հետո, հավանաբար, ցնծության և ուժեղ հոգնածության պատճառով Վարդազարյանը չկարողացավ հաղթահարել չորրորդ հակառակորդի դիմադրությունը` նվաճելով բրոնզե մեդալ:
Բրոնզե մեդալակիրն իր հերթին ասաց, որ նվիրում է իր հաղթանակը արցախցի մարտիկներին: Վարդազարյանը հայտարարեց, որ հաղթանակին նրան ոգեշնչել են մարզչի խոսքերը:
«Արսեն Ավետիսյանն ինձ նախազգուշացրել էր, որ թուրք և ադրբեջանցի մարզիկները շատ ուժեղ են, բայց ես պետք է հաղթանակ տանեմ նրանց նկատմամբ: Նա ասաց. «Մեր զինվորները սահմանին կարողացան հաղթել ադրբեջանցի զինվորներին, դու էլ պետք է հաղթես»: Այդ ժամանակ ես ինչ-որ գերբնական ուժ զգացի», - պատմեց Վարդազարյանը:
Սերգեյն ավելացրեց, որ ուրախ է հենց թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ հաղթանակին: «Ես հպարտ եմ, որ թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը ծածանվել է հայկական եռագույնը: Իմ հակառակորդներն իսկապես բարձրակարգ մարզիկներ էին` Իտալիայից, Թուրքիայից և Ադրբեջանից աշխարհի և Եվրոպայի թաեքվոնդոյի չեմպիոններ», - ասաց մարզիկը:
Թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում մայիսի 19-22-ը, Հայաստանը ներկայացնում էին 6 մարզիկ, որոնցից երկուսը հայրենիք են վերադարձել մեդալներով՝ Արման Երեմյանը (87 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, Սերգեյ Վարդազարյանը (68 կգ)` բրոնզե: -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում