ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանի մարզիչը և հայրը` Գեորգի Գալուստյանը, բավարարված չէ պատանեկան Օլիմպիադայի մրցավարությունից։
Այդ մասին նա ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքին տված հարցազրույցում։
Մարզչի կարծիքով, Գալուստյանը կարճ ծրագրում ցույց է տվել իր լավագույն ելույթներից մեկը։
«Այս փուլում Անաստասիայի ելույթը լավագույններից է։ Մենք արժանի գնահատական չստացանք։ Իմ կարծիքով, դատավորները մեր կողմից չեն։ Հենց այդ պատճառով էլ չենք կարողանա պայքարել ավելի բարձր տեղերի համար»,– ասել է նա։
Կարճ ծրագրից հետո Գալուստյանը զբաղեցնում է յոթերորդ տեղը։
Տասնվեցամյա Գալուստյանը հավաքել է 55.89 միավոր։ Մրցումների առաջին օրից հետո առաջատար է ճապոնացի Յունա Շիրաիվան (60,87), այնուհետև ղազախ գեղասահորդ Էլիզաբեթ Տուրսինբաևան (59,11), Լատվիայի ներկայացուցիչ Դիանա Նիկիտինան (58,81), ռուս Պոլինա Ցուրսկայան (58,65)։
Եվս մեկ ճապոնացի Կաորի Սակամոտոն (56,25) և կորեացի Ջի Խյուն Բյունը (56,25) կիսում են հինգերորդ և վեցերորդ տեղերը։
Ազատ ծրագրի մրցումները կանցկացվեն փետրվարի 16–ին։ Պատանեկան Օլիմպիադայի մեդալների պայքարում են 16 գեղասահորդուհիներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում