Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում

30.12.2025, 10:32
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո
Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Նշենք, որ Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 13-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն Վ. Պրանավին:

Հաջորդ խաղափուլում Հայկը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ:

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը  առաջնության 10-րդ խաղափուլում հաղթեց 2026 թվականի հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյին:

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը  առաջնության 8-րդ խաղափուլում հաղթեց ԱՄՆ-ի կանանց ութակի չեմպիոն Իրինա Կրուշին:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը  8-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի կանանց 16-րդ չեմպիոնուհի Թան Չժունյիին:

Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը  6-րդ խաղափուլում հաղթեց կանանց Գրանդ Սվիս շախմատի մրցաշարի կրկնակի հաղթող Ռամեշբաբու Վայշալիին:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը  առաջնության հինգերորդ խաղափուլում հաղթանակ տարավ դասական շախմատում 2731 վարկանիշ ունեցող վիետնամացի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի նկատմամբ:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը  երկրորդ խաղափուլում հաղթանակ տարավ դասական շախմատում 2776 վարկանիշ ունեցող գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերի նկատմամբ:

Տղամարդկանց առաջնությունը կանցկացվի 19 խաղափուլով, իսկ կանանց առաջնությունը՝ 15 խաղափուլով:

Երկրորդ խաղային օրը կմեկնարկի այսօր՝ դեկտեմբերի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։