ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 4-րդ խաղափուլում հայ գրոսմայստերներն իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. 2025 թ.-ի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան, Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Շանթ Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Չորրորդ փուլում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ և դուրս եկավ հինգերորդ փուլ:
ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ:
Ֆեդերացիայի տեղեկացմամբ, հաղթողը կորոշվի այսօր՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Թայ-բրեյքը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 13:30-ին:
Նշենք, որ Հնդկաստանի Գոա նահանգում նոյեմբերի 1-ից 26-ը ընթանում է 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը։
Գավաթին մասնակցում են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը, Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Վերջին երկուսը ներկայացնում են ԱՄՆ-ն։
Մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

