ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով օրեր առաջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նժույգթափեր վարժությունում, ՀԱՕԿ–ին տված հարցազրույցում կիսվել է առաջին տպավորություններով, խոսել կատարած վարժության մասին և անդրադարձել Օլիմպիական խաղերին:
Հարությունը պատմել է, որ վարժության սկզբում սխալ է թույլ տվել, սակայն ընթացքում կողմնորոշվել և փոխել է ծրագիրը՝ ավելի բարդ տարրեր կատարելով:
Հարություն Մերդինյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն>>
«Իմ նյարդերն ավելի ամուր էին, այդ պատճառով չընկա: Մրցակիցների սայթաքելն էլ է լարվածություն առաջացնում», – նշել է Մերդինյանը։
Նա ընդգծել է, որ հաղթանակը 25 տարվա աշխատանքի արդյունք է: «Երջանկությանս իրոք սահման չկա: Ուրախալի է նաև այն, որ այս արդյունքն Օլիմպիական խաղերից առաջ գրանցեցի, չնայած որոշ տարրերի վրա պետք է աշխատեմ», - ասել է չեմպիոնը:
Մերդինյանը զերծ մնաց Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի արդյուննքերի մասին կանխատեսումներից: «Նախoրոք ոչինչ ասել չեմ կարող: Նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ: Ամեն ինչ պարզ կլինի այնտեղ», - ասել է մարմնամարզիկը:
Մերդինյանը Եվրոպայի նախորդ առաջնություններում նվաճել է 2 բրոնզե և մեկ արծաթե մեդալ: -0-