Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում ՀՀ կանանց հավաքականը հաղթել է Թուրքիայի հավաքականին

14.10.2025, 11:09
ՀՀ կանանց շախմատի հավաքականը Բաթումիում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում  մրցանակային տեղ գրավելու շանս ունի
Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում ՀՀ կանանց հավաքականը հաղթել է  Թուրքիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։

Ֆեդերացիայի տեղեկացմամբ, հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Նախօրեին Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցել է Թուրքիայի հավաքականի հետ, և հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ -ոքի արդյունքով:

Այսօր առաջնության վերջին խաղափուլն է: Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ, իսկ տղամարդկանց հավաքականը՝ Վրաստանը երկրորդ թիմի հետ։

Վերջին խաղափուլից առաջ Հայաստանի կանանց հավաքականը գտնվում է 4-րդ հորիզոնականում, իսկ տղամարդկանց հավաքականը՝ 13-րդ հորիզոնականում:

9-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է 2025 թ.-ի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես է գալիս Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: