Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը. դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղերձը

16.01.2026, 20:35
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլ-ը  անդրադարձել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելու խնդրին
Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել  Եվրոպայի առաջնությանը. դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը Միացյալ Թագավորության պաշտոնական Facebook-յան էջի միջոցով արձագանքել է վիզայի պատճառով Եվրոպայի առաջնությանը հայ գեղասահորդների չմասնակցելու խնդրին։

«Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից հետո, երբ մարզիկներն արդեն ստիպված էին եղել չեղարկել իրենց ճամփորդությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո նրանք անմիջական կապի մեջ են եղել Գեղասահքի ֆեդերացիայի և Միացյալ Թագավորության վիզաների և ներգաղթի ծառայության (UKVI) հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։

«UKVI-ից ինձ ասացին, որ վիզաներն արդեն տրամադրվել են, սակայն հասկանում եմ, որ սա փոքր մխիթարանք է՝ հաշվի առնելով բաց թողնված առաջնությունը։ Թեև Բրիտանական դեսպանատունը Երևանում որևէ կերպ չի առնչվում կամ զբաղվում վիզաների դիմումների հարցերով և չի կայացնում դրանց վերաբերյալ որևէ որոշում, նման հատուկ դեպքերում մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում աջակցել՝ տրամադրելով գործընթացի վերաբերյալ ուղղորդումներ»,-ընդգծել է նա։

Նա նշել է, որ վիզայի դիմումի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ gov.uk/apply-uk-visa ։

Նա խրախուսել է բոլոր ճամփորդողներին Միացյալ Թագավորության վիզայի համար դիմել հնարավորինս շուտ։

«Ստանդարտ ընթացակարգը տևում է նվազագույնը 15 աշխատանքային օր, իսկ ծանրաբեռնված ժամանակահատվածներում կամ պետական տոների շրջանում այն կարող է ավելի երկար տևել»,-ասել է նա՝ հորդորելով ժամանակի սղություն ունեցող ուղևորությունների համար՝ օրինակ մրցաշարերի կամ միջոցառումների, նախապես բավարար ժամանակ նախատեսել դիմելիս։

«Շուտով սպասվող Երևան–Լոնդոն նոր ուղիղ չվերթների մեկնարկով ակնկալում եմ, որ Հայաստանից ավելի շատ մարդիկ կայցելեն Միացյալ Թագավորություն՝ զբոսաշրջության, ընտանիքի այցելությունների կամ գործնական նպատակներով։ ՄԹ-ն վիզաների տրամադրման բարձր ցուցանիշ ունի և ջերմորեն ողջունում է հայ այցելուներին»,-նշել է Նորին Մեծության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։

ՀՀ գեղասահքի ֆեդերացիան հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդները չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից վիզա չստանալու պատճառով։  

«Խորին ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը՝ 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկին», – նշվել է ֆեդերացիայի հայտարարության մեջ։