ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ն կարող է որակազրկել Հանրապետական մարզադաշտը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։
«Իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասաց Արթուր Վանեցյանը։
«Ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։ Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշեց Վանեցյանը։
Загружается новость ... "Лево"
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց մարզադաշտի կառուցման համար տարածք հատկացնելը, ինչը թույլ կտա նաև կազմակերպել միջազգային խաղեր։
«Հարկավոր է գտնել լավ լուծում համաչափ զարգացման համար, այդ թվում` հաշվի առնելով օդանավակայանին մոտ լինելու փաստը։ Կա գաղափար, օրինակ, որ մարզադաշտը տեղակայված լինի «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու մոտակայքում», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նոր մարզադաշտի կառուցման համար նախատեսված ներդրումները կկազմեն մոտ 100 մլն դոլար։
Վարչապետը նաև հետաքրքրվեց «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման հնարավորության մասին, ինչին ի պատասխան` Վանեցյանը նշեց, որ մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ։
«Ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք է 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի։ Ուղղակի անհնար է «Հրազդան» մարզադաշտը հարմարաեցնել այդ պայմաններին», – ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով, ֆինանսական միջոցների առկայության դեպքում մարզադաշտը կարելի է վերանորոգել և օգտագործել տեղական խաղերի անցկացման համար, ինչի մասին արդեն ընթանում են բանակցություններ մարզադաշտի սեփականատիրոջ հետ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իր հերթին նշեց, որ չինացի ներդրողները հետաքրքրված են ՀՀ–ում մարզադաշտ կառուցելու հարցում։–0–