ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում հյուրընկալել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը առաջին 15 րոպեներին հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, իսկ Հայաստանի հավաքականը փորձում էր սուր հակագրոհներ կազմակերպել:
Հյուսիսային Մակեդոնիան առաջին գոլը խփեց 22–րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին: Այնուհետև հեռահար գոլով դարպասը գրավեց Էնիս Բարդին:
Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն Էնիս Բարդին իրացրեց անվրեպ` դառնալով դուբլի հեղինակ: Խաղակեսի վերջնամասում Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաև 4-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Միլան Ռիստովսկին: Հյուսիսային Մակեդոնիան 5–րդ գնդակը խփեց 89-րդ րոպեին 11 մետրանոցի արդյունքում։ Այն իրացրեց Էնիս Բարդինը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում` նոյեմբերի 14-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Գերմանիայի հավաքականին:–0–