«Իսլամի թիմը և մարզիչները հասկանում են, որ ես շատ լուրջ սպառնալիք եմ և պատրաստվելու եմ 100 տոկոսով»․ Ծառուկյանը՝ Մախաչևի հետ դարի մենամարտի մասին (ՎԻԴԵՈ)

08.01.2025, 14:22
UFC մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է գաղտնի տեխնիկայի մասին, որով պատրաստվում է Իսլամ Մախաչևի հետ առաջիկա ռևանշ-մենամարտին․ ՎԻԴԵՈ
«Իսլամի թիմը և մարզիչները հասկանում են, որ ես շատ լուրջ սպառնալիք եմ և պատրաստվելու եմ 100 տոկոսով»․ Ծառուկյանը՝ Մախաչևի հետ դարի մենամարտի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ UFC մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է գաղտնի տեխնիկայի մասին, որով պատրաստվում է Իսլամ Մախաչևի հետ առաջիկա ռևանշ-մենամարտին։

«Իհարկե, կա մեկ նախապատրաստություն, որին ես հավատում եմ։ Գիտեմ, որ դա փոխի մենամարտի ամբողջ արդյունքը: Դա գաղտնի տեխնիկա է, ոչ մեկին չի կարելի ասել»,- ասել է Ծառուկյանը Red Corner MMA YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։

Ըստ Ծառուկյանի՝ Մախաչևը տեսախցիկի առաջ թերագնահատում է իրեն, ցույց տալիս, որ իր մրցակիցն իբր իր մակարդակի չէ, «բայց նրա թիմը և մարզիչները հասկանում են, որ ես շատ լուրջ սպառնալիք եմ և պատրաստվելու եմ 100 տոկոսով»։

 «Ես հասկանում եմ ողջ պատասխանատվությունը, ներդնում եմ իմ ամբողջ ժամանակը, գումարը, վնասվածքները, առողջությունը։ Դեռ ոչ մի անհանգստություն չեմ զգում։ Տարօրինակ զգացողություն է, կարծես մենամարտ է, որին ես այդքան երկար էի սպասում, այդքան տարի աշխատել եմ այդ ուղղությամբ, ոչ միայն Իսլամի հետ պայքարը, այլ պայքարը տիտղոսի համար: Պատմության մեջ Հայաստանից չի եղել մարդ, ով կպայքարի տիտղոսի համար։ Նախկինում այս ամենն անում էի ինձ համար, հիմա անում եմ հանուն ընտանիքիս ու ազգիս»,- ասել է Ծառուկյանը։

 «Սեպտեմբերին դեռ աշխատում էի իմ տոկունության, շնչառության և ուժային դիմացկունության վրա, հիմա  աշխատում ենք միայն Իսլամի, այսինքն՝ հակառակորդի համար», - նշել է մարտիկը։

Ծառուկյանի բռնցքամարտի մարզիչ Ալբերտ Հայրապետյանն ասել է, որ իր սանը շատ լավ ըմբշամարտի բազա ունի, ձեռքերը շատ լավ են աշխատում, բռունցքներով շեշտակի հարվածներ է հասցնում, աշխատանք է տարվում մենամարտի մարտավարության և ռազմավարության ուղղությամբ։

Հունվարի 18-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում UFC 311-ի շրջանակում կփորձի Իսլամ Մախաչևից խլել թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտին։