Հենրիխ Մխիթարյանը՝ վնասվածքի, «Ինտերի» հետ պայմանագրի և Հայաստանում խաղալու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։ Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։
Խաղից հետո նա պատասխանել է «Արմենպրեսի» հարցերին ստացած վնասվածքի, «Ինտերի» հետ հնարավոր պայմանագրի և Հայաստանում խաղալու հնարավորության մասին։
Անդրադառնալով ստացած վերջին վնասվածքին՝ Մխիթարյանը նշել է, որ կարողացել է լավ խաղալ։
«Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա», – ասել է նա։
Նրա խոսքով, «Ինտերի» հետ հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։
«Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի», – նշել է Մխիթարյանը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե կցանկանար, արդյոք, կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։
«Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։ Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է», – ասել է Մխիթարյանը։