Հայաստանի հավաքականները հերթական ջախջախիչ հաղթանակներն են տարել Բուդապեշտում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի հավաքականները հերթական հաղթանակներն են տարել Բուդապեշտում անցկացվող Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
Կանանց հավաքականը 4։0 հաշվով հաղթեց Մեքսիկայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականին հաղթանակ բերեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։
Տղամարդկանց հավաքականը Հայկ Մարտիրոսյանի և Կարեն Գրիգորյանի շնորհիվ 3։1 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին։ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Առաջին տուրում տղամարդկանց հավաքականը մաքուր 4:0 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին, իսկ կանանց թիմը նույն արդյունքով հաղթեց Տրինիդադ և Տոբագոյին։
Սեպտեմբերի 11-23-ը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան՝ շվեյցարական համակարգով՝ 11 տուրով։ Տղամարդկանց մրցաշարում մասնակցում է 197 թիմ, կանանց մրցաշարում՝ 184 թիմ (յուրաքանչյուրն ունի 4 հիմնական խաղացող և 1 պահեստային)։