ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը, հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը
Telegram-ի իր ալիքում:
Նրա տեղեկացմամբ, թեկնածուները տարբեր էին, բայց կոնկրետ բան չկար մինչև այս քանի օրը:
«Մարդիկ արդեն գրել էին Պետրակովի մասին, որ թեկնածուներից ա։ Շնորհավորում եմ` լավ են աշխատել։ Բայց ես հենց նոր իմ շատ վստահելի աղբյուրներից մեկի հետ զրուցելով ևս մեկ անգամ ճշտեցի», - նշել է Մելիքսեթյանը:
Պետրակովի հրաժարականը
Օրերս Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (ՈՒՖԱ) հայտարարեց 65-ամյա Ալեքսանդր Պետրակովի՝ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«ՈՒՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Պետրակովին կատարած աշխատանքի համար։ Մաղթում ենք մարզչին հաջողություններ հետագա կարիերայում և նոր հաղթանակներ»,- գրում է
kp.ru-ն՝ հղում անելով կազմակերպության կայքին։
Ինքը՝ Պետրակովը, իր հերթին ասել է, որ ազգային հավաքականում աշխատանքի շրջանը «կմնա սրտում՝ որպես ջերմ հիշողություն»։
3,5 ամիս առանց մարզչի
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է արդեն 3,5 ամիս սեպտեմբերի 29-ին իսպանացի Խոակին Կապարոսի հրաժարականից հետո, որը հետևեց մի շարք պարտություններին։
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։-0-