Ծառուկյան–Մախաչև մենամարտը վտանգված է

10.01.2025, 13:15
Հունվարի 18-ին նախատեսված է UFC 2025-ի կենտրոնական մրցաշարերից մեկը, որում UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևը կհանդիպի ռուսաստանաբնակ հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ
Ծառուկյան–Մախաչև մենամարտը վտանգված է

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսում զանգվածաբար չեղարկվում են սպորտային և ժամանցային միջոցառումներ քաղաքի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի պատճառով։ Վտանգի տակ է նաև UFC-ի մրցաշարը, որի շրջանակում պետք է մենամարտի Արման Ծառուկյանը, հայտնում է РБК Спорт-ը։ 

Հունվարի 18-ին նախատեսված է UFC 2025-ի կենտրոնական մրցաշարերից մեկը, որում UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևը կհանդիպի ռուսաստանաբնակ հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ։ 

UFC-ի նախագահ Դանա Ուայթը դեռ չի մեկնաբանել UFC 311-ի ապագայի հետ կապված իրավիճակը։ Փորձագետները չեն բացառում, որ մրցաշարը կտեղափոխվի Լաս Վեգաս, եթե հրդեհները չմարվեն մեկ-երկու օրվա ընթացքում։ Իսկ հունվարի 10-ի առավոտվա դրությամբ խոշոր հրդեհները չէին մեկուսացվել։

Այնուամենայնիվ, դժվար թե UFC-ի համար այդքան նշանակալից մրցաշարը հավաքի բազմաթիվ հայտնիների։ Հրդեհի պատճառով շատ հայտնիներ կորցրել են իրենց տները, այդ թվում՝ շոու բիզնեսի և սպորտի աստղեր։ Իսկ հայտնիները կարևոր դեր են խաղում կազմակերպության առաջխաղացման գործում: Ուստի չի կարելի բացառել մրցաշարի ժամկետի տեղափոխումը:

Հունվարի 10-ի առավոտվա դրությամբ տարհանման գոտում գտնվում է մոտ 190 հազար մարդ, կան զոհեր։ Լոս Անջելեսի շերիֆ Ռոբերտ Լունայի խոսքով՝ մահացածների ճշգրիտ թվի մասին խոսելը վաղաժամ է, քանի որ որոշ տարածքներ ներկայումս դժվար հասանելի են։ Շերիֆը նշել է, որ մի շարք տարածքներ այնպիսի տեսք ունեն «կարծես ռումբ է նետվել նրանց վրա»: Հայտնի է, որ ավերվել են մի քանի հազար տներ ու ձեռնարկություններ։