Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը դադարեցվեց. հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի շուտով
13:19
12 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին բարդ իրադրությունում հավաքականի ղեկը ստանձնելու համար և հաջողություն է մաղթել մարզչական հետագա կարիերայի ընթացքում:
Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:
Նշենք, որ Խաշմանյանը նշանակվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնումը 2019թ.–ի նոյեմբերի 7–ին։–0–