«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
Նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն է (69 կգ): Վլադիմիրը Երևանից է, ծնվել է 1991 թվականին: Բռնցքամարտն ընտրել է, քանի որ հայրը ևս բռնցքամարտով է զբաղվել: Ինչպես այս սպորտաձևի շատ մարզիկների, այնպես էլ նրա սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է:
«Ճանապարհ դեպի Ռիո». բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան>>
Վլադիմիրը նպատակասլաց և չհանձնվող անձնավորություն է, բացի այդ, առաջին հայացքից շատ լուրջ տեսք ունեցող մարզիկը սուր հումոր ունի: Նկարահանման ամբողջ ընթացքում նա չէր դադարում կատակել և բարձր տրամադրություն փոխանցել բոլորին: Վլադիմիրը սիրում է նաև գրքեր կարդալ:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Թալիսման չեմ տանում հետս, խաչս է:
-Ո՞ւմ կուզեիր կողքիդ կամ հանդիսականի մեջ տեսնել:
-Ռոնալդինիոյին (ծիծաղում է): Հայրիկիս, կցանկանիայի, որ նա կողքիս լիներ:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ռինգից դուրս գալուց հետո առաջինն ում հանդիպեմ՝ ընկեր Աղամալյանին (խմբ. հավաքականի մարզչին):
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Տոն, քրտնաջան աշխատանք և պայքար:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Լավ մասնակցությամբ:–0–