Եվս մեկ ակումբ է հետաքրքրված Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս ձմռանը կլքի մանկունիանցիների կազմը, գրում է armsport–ը` հղում անելով բրիտանական Express–ին։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Նրանք արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լքելու է ակումբը և նրան փոխարինող են փնտրում:
«Express»-ը գրում է, որ հայ կիսապաշտպանը կորցրել է տեղը Ժոզե Մոուրինյուի թիմի մեկնարկային կազմում և, ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի Մանչեսթերը:
28-ամյա ֆուտբոլիստը համարվում է Օզիլին փոխարինելու ամենահավանական տարբերակը:
Հաղորդվում է, որ տեղափոխության արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո:
Դեկտեմբերի 20-ին Հենրիխ Մխիթարյանը շուրջ մեկ ամսվա մեջ առաջին անգամ դաշտ դուրս եկավ ՄՅՈւ–ի կազմում Անգլիայի լիգայի գավաթի` «Բրիսթոլ Սիթիի» դեմ խաղում։ ՄՅՈւ–ն պարտվեց 1:2 հաշվով` բաց թողնելով վճռորոշ գոլը խաղի 93-րդ րոպեին:
Մինչ այդ հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25–ին «Բրայթոնի» դեմ խաղում։ Հաղորդվում է, որ այդ հանդիպումից հետո Մխիթարյանի ու ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։
Դրանից հետո ԶԼՄ–ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մխիթարյանը կարող է հեռանալ ՄՅՈւ–ից, ինչն անուղղակիորեն հաստատեց նաև Մոուրինյուն`նշելով, որ եթե Մխիթարյանի համար արժանի գին առաջարկվի, ապա հնարավոր է` նա հեռանա ակումբից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մամուլում տեղեկատվություն հայտնվեց նաև, որ հայ կիսապաշտպանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։–0–