ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. / Նովոստի–Արմենիա/. Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 9-17–ը Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում, հայտնում է ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։
Հաղորդման մեջ նշվում է, որ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
«Այս հավաքին մասնակցում են մարզիկներ, ովքեր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնորդներն են: Մինչ այդ, տղաները կմասնակցեն ևս մեկ հավաքի` Աբովյանում, որից հետո կկայանա Հայաստանի առաջնությանը»,– ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։
Նա ավելացրել է, որ դրանից հետո մարզիկները կվերադառնան Ծաղկաձոր` շարունակելու նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որին կմասնակցեն 8 ծանրորդ:
Մասնակիցների անունները հայտնի կդառնան Հայաստանի առաջնությունից հետո: Եվրոպայի առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնող մարզիկների կազմը։