Բռնցքամարտիկ Ֆյոդոր Չուդինովի թիմը բանակցություններ է վարում Արթուր Աբրահամի հետ մենամարտի շուրջ

12.02.2016, 20:27
Ֆյոդոր Չուդինովի թիմը բանակցություններ է վարում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենամարտի շուրջ:
Բռնցքամարտիկ Ֆյոդոր Չուդինովի թիմը բանակցություններ է վարում Արթուր Աբրահամի հետ մենամարտի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Չուդինովի թիմը բանակցություններ է վարում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենամարտի շուրջ, ՏԱՍՍ–ում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Չուդինովի մենեջեր Ումար Կրեմլևը։

Ավելի վաղ Աբրահամը ՏԱՍՍ–ին հայտնել է, որ կցանկանար մենամարտել Չուդինովի հետ։

«Բանակցություններ ենք վարում, որպեսզի Շտուրմի հետ մենամարտից հետո մենամարտենք Աբրահամի հետ», – ասել է Կրեմլևը։

Արթուր Աբրահամ. «Սա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը»>>

Չուդինովի մարզիչ Արթուր Պիդուրիևը նշել է, որ նրա սանը 2016 թ.–ին կարող է մենամարտել Ռուսաստանում։ «Կարծում եմ, որ  Շտուրմի հետ մենամարտից հետո Չուդինովի հաջորդ մենամարտը տեղի կունենա Ռուսաստանում», – նշել է Պիդուրիևը։

Չուդինովը փետրվարի 20–ին Օբերհաուզենում կմենամարտի գերմանացի բռնցքամարտիկ Ֆելիքս Շտուրմի հետ։ Բռնցքամարտիկների առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015 թ.–ի մայիսի 9–ին Ֆրանկֆուրտում։ 28–ամյա Չուդինովը հաղթել է վաստակած միավորների արդյունքում։

Արթուր Աբրահամը` Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ >>

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյանը) ծագումով Հայաստանից է, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Դարձել է WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնական գոտին «խլելով» Ռոբերտ Շտիգլիցից։ 2013 թվականի մարտի 23–ին «Արթուր արքան» չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը նույն Շտիգլիցի հետ մենամարտում։ Երկրորդ ռաունդում նա վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջովին փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակը շնորհելով ծագումով ռուս գերմանացի մարզիկին։ 

Սակայն 2014 թվականի մարտին Աբրահամը վերադարձրեց չեմպիոնի գոտին` հաղթելով Շտիգլիցին ռևանշ–մենամարտում, իսկ այնուհետև պաշտպանեց այն չեռնոգորցի Նիկոլա Սիեկլոչայի և Փոլ Սմիթի հետ մենամարտերում։ 

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել 2005-2009 թվականներին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։ -0-