Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են, և իմ արմատները հայկական են. Անաստասիա Գալուստյան

19.02.2016, 14:13
Այս տարվա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում աչքի ընկան Հայաստանը ներկայացնող դահուկասահորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը:
Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են, և իմ արմատները հայկական են. Անաստասիա Գալուստյան
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այս տարվա ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում  աչքի ընկան Հայաստանը ներկայացնող դահուկասահորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը:

Օլիմպիական Լիլեհամերից մեկնելուց առաջ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է տպավորություններով, խոսել իր ելույթների և առաջիկա անելիքների մասին:

-Անաստասիա, խնդրում եմ պատմիր, թե ինչպե՞ս սկսեցիր զբաղվել գեղասահքով:

-Ծնողներս երկուսն էլ գեղասահորդներ են՝ թե մայրս, թե հայրս: Ես էլ սկսեցի գեղասահքով զբաղվել և դա տրամաբանական եմ համարում: Մեր ընտանիքը կարծես գեղասահքով ապրող ընտանիք լինի: Գեղասահքն ապրելակերպ է դարձել: Առաջին անգամ չմուշկների վրա կանգնել եմ 3 տարեկանում, և սերն այս մարզաձևի նկատմամբ մնացել է մինչ օրս: Իսկ առաջին և միակ մարզիչներս եղել են և կան ծնողներս:

 - рис.1

-Ինչպե՞ս որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

-Դեռևս 2012 թվականին առաջարկ կար հայկական կողմից, և ես չէի կարող հրաժարվել նման հնարավորությունից: Ես իսկապես ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել Հայաստանը ներկայացնել միջազգայն մրցաշարերում: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական դրոշի ներքո: Միշտ էլ ասել եմ այդ մասին և կրկնելու եմ: Հպարտ եմ որ հայրս, պապս հայեր են, և իմ արմատները հայկական են: Առավել հաճելի է, երբ երկրպագուներն են շատանում, այն էլ հայ:

-Ի՞նչ էր քեզ համար մասնակցությունը պատանեկան Օլիմպիական խաղերին:

 -Իհարկե, շատ եմ կարևորում մասնակցությունը երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին: Տխրեցի իհարկե, որ հիվանդությունը թույլ չտվեց ամբողջ ուժով ներկայանալ: Ինձ դուր եկավ, թե ինչպես սահեցի կարճ ծրագրի ժամանակ, բայց որևէ մեկնաբանություն չեմ տա ազատ ծրագրի վերաբերյալ: Կարող էի չմասնակցել ազատ ծրագրին, սակայն որոշեցի մասնակցել, թեպետ ջերմում էի, դրանից հետո ինքնազգացողությունս ավելի վատացավ:

 - рис.2

-Ի՞նչ տպավորություններով ես վերդառնում Նորվեգիայից:

-Անկրկնելի մթնոլորտ էր ամբողջ խաղերի ընթացքում: Հետաքրքիր և հիշարժան էր: Բոլոր մարզիկները շատ ջերմ են մեկմեկու նկատմամբ, իսկական օլիմպիական տոն էր: Նոր ընկեր գտա: Այստեղ հանդես էին գալիս նաև գեղասահորդներ, ովքեր  հիմնականում մասնակցում են միջազգային մրցաշարերին, և մենք իրար ճանաչում ենք:

-Ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:

-Վերականգնվելուց հետո կսկսեմ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի անցկացվելու է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:-0-