Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

20.04.2017, 13:43
Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին նվաճած հինգ մեդալով:
Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:

Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ:

Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը:–0–