ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ չի կարելի բացառել «Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանի տեղափոխման հնարավորությունը։
Այս պահին գերմանական ակումբը հրաժարվում է վաճառել հայ կիսապաշտպանին, գրում է
sovsport.ru–ն։
««Մանչեսթեր Յունայթե՞դ», մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը։ Ես դրական եմ տրամադրված։ Այս գործը չէի սկսի, եթե վստահ չլինեի, որ մենք կարող ենք հասնելի որոշակի արդյունքի։ Շատ հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Հենրիխին տեսնել իր թիմում։ Բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում, սակայն «Բորուսիան» հրաժարվում է վաճառել Հենրիխին», – Ռայոլայի խոսքերը մեջբերում է The Telegraph–ը։
«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս–Յոահիմ Վատցկին ավելի վաղ հայտարարել է, որ Մխիթարյանը չի վաճառվում։
27–ամյա Մխիթարյանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ և մտադիր է փոխել ակումբը։ Անգլիական ԶԼՄ–ները նշում են, որ «Մանչեսթեր Յունայթեդից» բացի, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Չելսին» և «Յուվենտուսը»։
Նախորդ սեզոնի ընթացքում Մխիթարյանն ակումբային մակարդակում մասնակցել է 52 հանդիպման` դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.de պորտալը Մխիթարյանին գնահատում է 30 մլն եվրո։ –0–