ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունգարիայի Գիոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Վազող թիրախ-խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում 14 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը 366 միավորով գրավել է 2-րդ տեղը, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը։
1-ին տեղը գրավել է հունգարուհի Վերոնիկա Մայորը` 373 միավորով, իսկ 3-րդ տեղը` ուկրաինուհի Յուլիա Տիմոշենկոն` 364 միավորով:
Արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
«Մենք տեխնիկական շատ խնդիրների հետ բախվեցինք: Նախ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեղադրեցինք այլ օպտիկա, որը ապահովության համար տարել էինք մեզ հետ: Իմ վարժությունում այլ օպտիկայով ես զբաղեցրեցի 7-րդ հորիզոնականը, որում հաղթել էի նախորդ տարի», – նշել է Լիլիթը։
Նրա խոսքով` այս երկրորդ վարժությունում նա դեռ մեդալ չուներ և այս մեդալը բավականին բարձր արդյունք էր իր համար:
«Հաջորդիվ կփորձեմ մասնակցել իմ վարժության մեծահասակների աշխարհի առաջնության, քանի որ տարիներ շարունակ սպասում եմ հենց մեծահասակների աշխարհի առաջնությանը: Կանենք ամեն ինչ, որ այլևս խնդիրներ չառաջանան»,-ասել է Լիլիթ Մկրտչյանը:
Հունգարիայի Գիոր քաղաքում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց թիմային երկու բրոնզե մեդալ: –0–