ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերահսկիչ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն երեխաների շրջանում առանց կանոնների մենամարտերի (որոնց ընթացքում մասնակից երեխաներից մեկը նոկաուտի է ենթարկվել) հեռարձակման հարցին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
Ինտերֆաքսը։
Այս շաբաթ Չեչնիայում տեղի է ունեցել Խառը մենամարտերի առաջնությունը, որի շրջանակում կազմակերպված ցուցադրական մենամարտերում Ռամզան Կադիրովի որդիները (8,9 և 10 տարեկան) հաղթել են իրենց մրցակիցներին։
«Եթե դա ցուցադրել են հեռուստացույցով, և այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ապա, անխոս, երեխային նոկաուտի ենթարկելը, այն էլ հեռուստաեթերում, առիթ է, որպեսզի համապատասխան վերահսկիչ մարմինները զբաղվեն այդ հարցով», – ասել է նա լրագրողներին։
Պեսկովը, միաժամանակ, ձեռնպահ է մնացել անձնական գնահատականներ տալուց։
«Չեմ պատրաստվում որևէ եզրակացություն ներկայացնել։ Գոյություն ունեն վերահսկիչ մարմիններ, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով։ Հավանաբար, սա նրանց գործունեության ոլորտն է», – պարզաբանեց Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովայի աշխատանքը, ով արդեն երկրորդ օրն է` ձեռնպահ է մնում մեկնաբանել այս աղմկհարույց թեման` Պեսկովը հայտարարել է, – «Քանի որ տեղեկատվությունը շատ է, հարկավոր է հետաքրքրվել, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, և իրականում ինչ է տեղի ունեցել»։
«Գիտեք, որ քննարկումները շատ են, սակայն կարծում եմ, որ քչերն են տեսել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Մի բան է, եթե դա համապատասխանում է իրականությանը, այդ դեպքում վերահսկիչ մարմինները պետք է զբաղվեն այս թեմայով, մեկ այլ հարց է, եթե այլ բան է տեղի ունեցել, և հարկավոր է խուսափել սուր գնահատականներից», – ավելացրել է նա։ –0–