ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2018 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 14-ից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
ՀՖՖ-ի մամուլի հաղորդագրության համաձայն, տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Hummel» խանութից: Տոմսերի արժեքներն են.
- հյուսիսային և հարավային տրիբունաներ` 4000 դրամ,
- արևելյան տրիբունա՝ 5000-7000 դրամ,
- արևմտյան տրիբունա` 8000-10000 դրամ:
«Վաճառքում են լինելու միայն հատուկ բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը», - նշվում է հաղորդագրության մեջ:
ՀՖՖ-ն խնդրում է հանդիսատեսին մարզադաշտ գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար: -0-