ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ամուսինը առաջնագծում էր, երբ նա պայքարում էր Նորվեգիայում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար:
«Ամուսինս առաջնագծում էր, երբ ես մասնակցում էի Եվրոպայի առաջնությանը, և ես այդ մասին իմացա միայն մրցաշարից հետո», - ասաց լրագրողներին Ավդալյանը հինգշաբթի:
«Նա ինձ այդ մասին չէր խոստովանում, երբ զրուցում էինք հեռախոսով: Չգիտեմ` կկարողանայի, արդյոք, նորմալ շարունակել մարզումներս, եթե իմանայի, որ նա առաջնագծում է», - ավելացրեց նա:
Հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն>>
Ավդալյանն ընդգծեց, որ ամուսինն իր պարտքն է համարել գտնվել մյուս մարտիկների կողքին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ժամանակ։
«Նույնիսկ եթե ես նրա կողքին լինեի, չէի կարողանա նրան այդ որոշումից հետ պահել», - նշեց ծանրամարտիկը։
Նրա խոսքով, մրցումների ժամանակ մարզիկները անընդհատ մտածել են զինվորների մասին, կարելի է ասել ապրել են նրանցով: «Երբ ես հաղթեցի, ինձ մոտ, իմ կարծիքով, այլ տարբերակ չկար, քան նվիրել հաղթանակը մեր զինվորներին: Նրանց շնորհիվ մենք կարողացանք նորմալ ելույթ ունենալ Եվրոպայում, հանգիստ քնել», - ընդգծեց նա:
Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան>>
Եվրոպայի մեկ այլ չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն իր հերթին հիշեցրեց, որ վերջինն է ռինգ դուրս եկել և իր ելույթն ավարտել է հաղթանակով` որոշելով այդպես ուրախություն պարգևել հայ ժողովրդին:
«Ես միացա ընկերներիս, նույնպես նվիրելով հաղթանակը մեր զինծառայողներին, որպեսզի ինչ-որ ձևով մխիթարեմ մեր հայրենակիցներին», - նշեց Խուրշուդյանը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջինն է մեդալների հաշվարկում Եվրոպայի առաջնության շրջանակում>>
Հայաստանի ծանրամարտի հավաքականը նորվեգական Ֆյորդեում հաղթել է Եվրոպական առաջնության թիմային հաշվարկում` հավաքելով 449 միավոր և նվաճելով 6 մեդալ` 5 ոսկե և 1 արծաթե: -0-