ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրել են ԶԼՄ-ների միջև անցկացված մեծ թենիսի մրցաշարի հաղթողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 17,18 և 23-ին օլիմպիական մրցակարգով կանանց և տղամարդկանց համար առանձին, իսկ մրցումները սպասարկում էին փորձառու մարզիչները։
Հանձնաժողովի որոշմամբ` ԶԼՄ-ների միջև անցկացված մեծ թենիսի մրցաշարի հաղթողներ են ճանաչվել 6 մասնակիցներ։ Տղամարդկանց մրցումներում առաջին տեղը գրավել է Հակոբ Բադալյանը (lragir.am), երկրորդ մրցանակը շնորհվել է Արթուր Սուքիասյանին` «Կենտրոն» հեռուստաընկերությունից, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Արամ Մանուկյանը` նույնպես «Կենտրոն» հեռուստաընկերությունից։
Կանանց մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է Սոնա Ղուկասյանը` ՀՀ Հանրային ռադիոյից, երկրորդ մրցանակը շնորհվել է Արաքս Սիմոնյանին (ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերով հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժին), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Մարինե Կարապետյանը («Երկիր մեդիա» հ/ը)։
Տեղի է ունեցել նաև գալա խաղ տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավված Հակոբ Բադալյանի և Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի միջև։
«Համաձայն որոշ պատմական տեղեկությունների թենիս խաղացել են դեռ հին Եգիպտոսում, այն շատ գեղեցիկ ու գրավիչ սպորտաձև է։ Ես ինքս շատ եմ սիրում մեծ թենիս և հաճախ զբաղվում եմ այս սպորտաձևով», – նշել է Պյատախինը։ Նա ավելացրել է, որ իր գլխավորած ընկերությունը շարունակելու է աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում