Արթուր Ալեքսանյանը Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել

31.01.2016, 16:02
Բուլղարիայում անցկացվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որի շրջանակում հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել։
Արթուր Ալեքսանյանը Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բուլղարիայում անցկացվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որի շրջանակում հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել։

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հունվարի 30-ին մրցագորգ է դուրս եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Նա քառորդ եզրափակչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել եգիպտացի Ահմեդ Օսմանի նկատմամբ: Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը իրանցի Ամիրհոսեին Հոսեինին էր, ում աշխարհի կրկնակի չեմպիոնը կրկին հաղթել է 8:0 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ` երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:–0–