ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի մարզիչ Աշոտ Նադանյանը մեկնաբանել է Արոնյանի պարտությունն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ խաղում:
Նախօրեին կայացած Հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով 27-րդ քայլում պարտվել է Կրամնիկին։
«Խոսքեր չունեմ: Կարծում եմ, որ հենց առաջին քայլն է դարձել պարտության պատճառ: Սովորաբար Արոնյանը չի խաղում е4: Չգիտեմ, թե ինչու երեկ նա որոշեց այդպես խաղալ Կրամնիկի հետ: Պարզվեց, որ Կրամնիկը սպասել է երկու տարի, որպեսզի օգտագործի նորամուծությունը` նավակը g8-ում», - ասաց Նադանյանը:
Նրա խոսքով, անհնար էր խաղարկել բեռլինյան պաշտպանությունը Կրամնիկի հետ խաղում:
Загружается новость ... "Лево"
«Անգամ եթե լավ քայլ է մշակված, Կրամնիկը լավ հիշողություն ունի, և նրան հաճելի է խաղարկել այս պարտիան, այսինքն նա հոգեբանական առավելություն ուներ», - ասաց Նադանյանը:
Մեկնաբանելով երկու նախորդ տուրերը, որոնցում հայ գրոսմեյստերը ոչ-ոքի խաղաց չինացի շախմատիստ Ձին Լիժենի ու ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ, Նադանյանը նշեց, որ առաջին խաղում Արոնյանը հաղթելու հնարավորություն ուներ։
«Փորձում էի հասկանալ, թե ինչից է նա վախենում, սակայն չկարողացա: Պարտիայի ավարտից հետո Արոնյանն ասաց, որ վստահ չէր իր դիրքերում: Կարծում եմ, որ նա պետք է հաղթանակի համար խաղար` հաշվի առնելով նաև այն, որ դա առաջին խաղն էր, և անհաջողության դեպքում մեծ խնդիրներ չէին լինի», - ասաց Նադանյանը:
Խոսելով Մամեդյարովի հետ երկրորդ պարտիայի մասին` մարզիչը նշեց, որ գոհ է Արոնյանի խաղից:
«Նա շատ լավ խաղաց, կարողացավ հավասարացնել խաղը ու հեշտությամբ հասնել ոչ-ոքիի», - նշեց Նադանյանը: Ընդ որում, նա կարծում է, որ մրցաշարում դեռ ոչինչ որոշված չէ:
«Մրցաշարում Արոնյանի հաղթանակի շանսերը բարձր են: Սա երկար մրցաշար է` 14 տուր, ու հնարավոր չէ բոլորն անցնել առանց պարտությունների: Այնպես որ, ավելի լավ է պարտվել առաջին երեք տուրերում, քան վերջին երեքում: Չմոռանանք նաև, որ պարտություններից հետո Լևոնը սկսում է ավելի լավ խաղալ», - ասաց Նադանյանը:
Առաջին երեք տուրերից հետո մրցաշարի առաջնորդն է Կրամնիկը, ով վաստակել է 2.5 միավոր, նրան հետևում են Մամեդյարովը և Ֆաբիանո Կարուանը (ԱՄՆ), ովքեր վաստակել են 2-ական միավոր, հետո Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Լիժենը` 1,5–ական միավոր, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) ու Արոնյանը վաստակել են մեկական միավոր, իսկ ԱՄՆ–ն ներկայացնող Ուեսլի Սոն` կես միավոր:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինում մարտի 10-ից 28-ը շրջանաձև համակարգով` երկու շրջանով: Հաղթողը հնարավորություն կստանա ուժերը չափել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում:
Մրցաշարի կազմակերպիչներն են ՖԻԴԵ-ն ու նրա կոմերցիոն գործընկերը` World Chess-ը:-0-