ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Google ընկերությունը «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի օժանդակությամբ գործարկել է «Վարպետը և Մարգարիտան։ Ես եղել եմ այնտեղ» մուլտիմեդիոն նախագիծը։ Ի թիվս այլ հնարավորությունների, այն առաջարկում է չատում շփվել Միխայիլ Բուլգակովի հանճարեղ վեպի հերոսների` Բեգեմոտի և Կորովևի հետ, գրում է
telecom.arka.am-ը` հղում անելով
Lenta ru–ի խմբագրությունում ստացված մամուլի հաղորդագրությանը։
Նախագծի հիմնական նպատակը` նոյեմբերի 11–ին և 12–ին Ռուսաստանի ութ խոշոր քաղաքներում, ինչպես նաև Թել Ավիվում անցկացվող առցանց ընթերցումներն են։ Ներկայում Google–ն անցկացնում է ասմունքի վարպետների մրցույթ` ցանկացողները պետք է տեսախցիկի առև ընթերցեն «Վարպետից և Մարգարիտայից» առաջարկած հատվածը և բեռնեն այդ տեսանյութը կայքում։
Ընթերցումների առանձնահատկությունը քրոկաքեյ տեխնոլոգիայի (երկու և ավելի կադրերի համադրում) օգտագործումն է, ինչպես նաև 360 աստիճանի տեսադիտման հնարավորություն։
«Կարծիք կա, որ Բուլգակովի ստեղծագործությունների, հատկապես «Վարպետի և Մարգարիտայի» հետ աշխատելը ռիսկային գործ է։ Բայց Ռուսական կինոյի տարում հետաքրքիր կլինի մասնակցել այդ փորձին և փորձել շաղկապել կինոն, գրականությունը և նոր տեխնոլոգիաները»,– պատմել է «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը։
Ավելի վաղ Google–ն արդեն կազմակերպել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինայի» և Անտոն Չեխովի պատմվածքների և պիեսների հատվածների առցանց ընթերցումներ։ -0-