Վարակվում են սեռական ակտի ժամանակ կամ հիվանդ կենդանուց. ինչ պետք է իմանալ «Կապիկի ծաղիկի» մասին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Մեր տարածաշրջանը համարվում է «Կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման ռիսկի ցածր գոտի։ Ինչպես նաև վիրուսի շրջանառվող շտամը տարբերվում է նախկինից, որը բռնկվել էր 2022 թվականին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Աթոյանը նշում է, որ հիմնական փոխանցման ձևը համարվում է հիվանդ կենդանու հետ անմիջական շփումը։
«Այսինքն՝ մորթելիս կամ հիվանդ կենդանու միս օգտագործելիս մարդը կարող է վարակվել։ Նաև կարող է վարակվել շատ սերտ շփման պայմաններում, մասնավորապես՝ սեռական հարաբերության ժամանակ»,- հայտնում է Ստեփան Աթոյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ այլ փոխանցման ուղիներ չեն հայտարարվում։
«Հիմնական բարձր ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան այն երկրները, որտեղ գրանցվել է հիվանդությունը։ Արևմտյան և Արևելյան Եվրոպան, նաև մեր տարածաշրջանը համարվում են ցածր ռիսկայնության գոտի»,- ընդգծում է նա։