ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։
Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը:

«Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Վեհափառ Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, նեղյալների ու սգացյալների մխիթարության և ի Քրիստոս ննջեցյալների հոգիներին՝ հավիտենական կյանքի երանության համար: Նորին Սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ և կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը մատուցող բոլոր անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավատացյալները արարողության ներկա չեն եղել։ Մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցու թեմական ժողովը, հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան և այդ առումով ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները, որոշեց արարողություններն անցկացնել առանց հավատացյալների ներկայության:
Սուրբ Գեղարդ
Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։
Загружается новость ... "Лево"
Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։-0-